Рубрика: Ընթերցարան

Վախթանգ Անանյան «Թուխիկը»

Ասում են Երևան քաղաքում ժամանակով մի նշանավոր որսորդ-բժիշկ է եղել։ Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն։

Ժամանակ է անցել ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով կապվել է տիրոջ հետ։Ասում են՝ նա բժիշկի հետ սեղան էր նստում իր համար պատրաստված աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը,»ղա-ղա» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ։Երեկոյան դեմ տուն էր վերադառնում , իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու։

Բծիշկն ագռավին հաճախ էր որսի տանում։ Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում ՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած։Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր։

Իսկ թանձր մառախուղին․ անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը նրան ցույց էր տալիս ճանապարհը։

Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները թախանձում էին նրան․

-Դե ՛բժիշկ, ի՞նչ կլինի կանչես քո ագռավին։

Բժիշկը շրջապատված հետաքրքիր բազմությամբ մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և կանչում էր հեռվից․

-Թուխիկ, թուխիկ․․․

-Ղա-ղա․․ լսվում էր պատասխանը ծառից իջած երամի միջից։

Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա։

-Թուխիկ, քեզ եմ սպասում ,- ձայն էր տալիս բժիշկը։

-Ղա-ղա․․․այսինքն գալիս եմ, գալիս,- լսվում էր պատասխանը և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ էր գործում և նստում իր տիրոջ ուսին ։

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց․

-Վաղուց ես նստած ի՞նչու ճաշ չես պատվիրում։

-Ընկերոջս եմ սպասում․․․

Կարծեցին իրոք մարդու է սպասում։ Ապա նա տեղից վեր կացավ բացեց ճաշարանի պոտուհանն ու նայեց երկինք։ Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում։

-Թուխիկ, ինձ քաղցած սպանեցիր , անպիտան, ախր քեզ եմ սպասում, սրտնեղած ձայն տվեց նա։

-Ղա-ղա ․․․ լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով ներս ընկավ, թառեց սեղանին։ Ու այն ժամանակ տերը ճաշ պատվիրեց։

Այնուհետև բժիշկը ամեն ամգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին։

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը։

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ բժիշկն ու իր փետրավոր ընկերը։

Բայց որովհետև ագռավը մարդուց շատ է ապրում ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն։

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ։

-Թուխիկ, դուրս եկ,- ձայների միջից ձայնեց բժշկի այրին։

Չլսվեց պատասխան»ղա-ղա»,-ն կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր։ Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին։ Բարակ անձրև էր տեղում ։ Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց բաց հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած։

Հին քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այդ թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին․

-Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այս թռչունի չափ իրար հավատարիմ մնային․․․

Իսկ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած։

Ասում են, մինչ այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին։ Թուխիկն է ․ դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը․․․

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները։

Առաջադրանքներ

1․Դուրս գրիր անծանոթ բառերը ու բառարանի օգնությամբ բացատրիր։

2․Պատմվածքը բաժանի՛ր մասերի և վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը։

3․Պատմի՛ր բժիշկի և թուխիկի ընկերության մասին։

4․Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը։

5․ Նկարագրի՛ր Թուխիկին։

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий