Рубрика: Մեդիադարան

Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից են

Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն  հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին:

Արևից նրանք հալչում էին  ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել, թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր տարօրինակ քաղաքի փողոցներով:  Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տների պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:
_ Բարև,-խոսեց Ջովանինոն սառնարաններից մեկի հեռախոսով:
_ Բարև,-պատասխանեցին ներսից:
_ Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:
_ Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:
_ Ո’չ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Եվ ի՞նչ… Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:
_ Չէ՜, ինչո՛ւ, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:
_ Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ի՞նչ կլինի այդ ժամանակ:
_ Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեմ իմ զինվորներին՝ նրան բանտ նստեցնել:
_ Չէ՜ մի, արևին՝ բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու:

Рубрика: Մեդիադարան

Դ․ Բիսեթ Անձրևը

Երկնքով երկու ամպիկ էին լողում: Մեկի անունը Վտվտիկ էր, մյուսինը՝ Կտկտիկ: Նրանք ապրում էին երկնքում: Ամբողջ օրն իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
– Վտվտի՛կ, – մի անգամ ասաց Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք ցած իջան և թրջեցին գետինը: Մարդիկ սկսեցին դժգոհել:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթացին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
— Ձանձրացրեց այս անձրևը:
-Է՜, եթե մենք նրանց դուր չենք գալիս, արի գնանք այստեղից,- հուսահատվեց Կտկտիկը:
-Թռանք,-համաձայնեց Վտվտիկը:
Նրանք թռան, գնացին: Անձրևը դադարեց: Արևը փայլեց: Բոլորը գոհ էին:
-Հիանալի եղանակ է,- ուրախանում էին բոլորը: Արևն ամեն օր փայլում էր, շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի կաթիլ անձրև չթափվեց: Խոտերը դեղնեցին և չորացան, ծաղիկները` թոռոմեցին: Ցամաքեցին առուներն ու վտակները: Կովերն առանց խոտ մնացին, սկսեցին կաթ չտալ: Պաղպաղակ պատրաստողը չէր կարողանում կաթ գնել, որպեսզի պաղպաղակ պատրաստեր: Երեխաներն առանց պաղպաղակ մնացին և լաց եղան: Կովերն էլ լաց եղան, բադիկներն էլ, ձիերն էլ, շներն էլ, կատուներն էլ, մայրիկներն էլ, հայրիկներն էլ…

Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք, ասաց ՌՌՌ վագրը:-Բոլորը պետք է իրենց անձրևապաշտպան բաճկոները հագնեն, անձրևանոցները վերցնեն և զբոսանքի գնան: Այդպես էլ արեցին: Մարդիկ  հագան բաճկոնները, բացեցին անձրևանոցները և դուրս եկան փողոց:
Այդ տեսնելով՝ ամպերը շատ զարմացան:

-Ինչո՞ւ են նրանք  բաճկոնները հագել:
-Ինչո՞ւ են  անձրևանոցները բացել:
– Իջնենք, տեսնենք ի՞նչ է եղել:
Նրանք ներքև իջնան, ու նորից հորդ անձրև եկավ:
– Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախացան բոլորը:
– Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ էին` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:

Рубрика: Մեդիադարան

Ղ․ Աղայան Երկու այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Рубрика: Մեդիադարան

Ամփոփում

2019թվականի Սեպտեմբեր ամսից աշխատում եմ հինգ  տարեկանների հետ`որպես երկարացված օրվա  կազմակերպիչ: Մեր հինգ   տարեկանները  շատ ակտիվ   են, խելացի, հարցասեր, շարժուն, նրանց  դուր են գալիս  հետաքրքիր  աշխատանքները, ոգևորվում են  խրախուսանքներից:  Այս  ուսումնական  շրջանում  կատարել ենք տարբեր  աշխատանքներ. սերմերով, հեքիաթաթերապիա, գունավոր  թղթերով աշխատանքներ, փորձելով  բացահայտել  նրանց  ունակությունները, կարողությունները, հնարավորությունները:Նրանք  շատ  արագ են ընկալում: Կատարված  աշխատանքների ժամանակ  նրանք փորձում  են լինել  ինքնուրույն,տեսնելով  չավարտած  ընկերներին, ցանկություն են  հայտնում օգնել: Նրանց  բնավորության որոշ  գծեր  բացահայտել  եմ ուսումնական  ճամփորդությունների  ժամանակ:

Рубрика: Մեդիադարան

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ։ Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում։ Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով,իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ․․․

Բայց երբ եկավ աշունը , նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին։ Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչե լու դալար կանգնած էր մնացել։ Շուտով նոր տարի էր․․․Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան․․․ Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում։ Սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին չորացած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Շատ շուտով տոնածառը նոր տեսք է ստանում, գազաններն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր , որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը, երբ Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է<<Իսկ ով է զարդարել անտառի մյուս ծառերը>>։ Փշատերևը համեստորեն լռում էր։ Այդ ժամանակ բունորոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին։ Ձմեռ պապը շոյեց փշատերև դալար փշիկները և ուրախացած բացականչեց<<Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ։ Դու բոլորին տոն ես պարգևել։ Դու աշխարհի ամենաբարի ծառն ես>>։ Հնչեցին նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակիչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին։ Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն , անտառում , որ ոչ մեկն անտառում չպետք է քիթը վեր ցցի։

Рубрика: Մեդիադարան

Ծիտը

Լինում է չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է մի պառավ փետ է ման գալի, թոնիր վառի, որ հաց թխի։ Ասում է

— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ, քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում ։

Ծիտը գնում է, ետ գալի, թե իմ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է թե

— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն կթռչեմ, լոշիկդ կառնեմ դուրս կթռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է, թռչում։

Գնում է տեսնում մի հովիվ անհաց կաթն է ուտում։

Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչու ես անհաց ուտում։ Այ լոշը, առ , կաթի մեջ բրդի, կեր, ես էլ գնամ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե լոշս տուր։

Հովիվն ասում է․

-Կերա

-Չէ,- ասում է,- իմ լոշը տուր, թե չէ դեռ կթռչեմ, դեն կթռչեմ, գառնուկիդ կառնեմ դուրս կթռչեմ։

Հովիվը ճարահատված մի գառ է տալիս։ Առնում է, թռչում։

Գնում է, տեսնում է մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։

Ասում է ․

-Ինչ եք մոլորվել։ Այ իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է , ետ գալիս, թե իմ գառը տվեք։

Ասում են․

-Մորթել ենք կերել, որտեղից տանք։

Սա կանգնում է, թե չէ, իմ գառը տալիս եք տվեք, թե չէ դես կթռչեմ, դեն կթռչեմ, հարսին կառնեմ, դուրս կթռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում է, գնում տեսնում ՝մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

-Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալիս, աշուղի առաջը կտրում, թե իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

-Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե չէ, իմ հարսը տուր, թե չէ դես կթռչեմ, դեն կթռչեմ, սազիկդ կառնեմ, դուրս կթռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մնգըլը,

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի, գառնուկ առա,

Գառնուկ տվի, հարսիկ առա,

Հարսիկ տվի, սազիկ առա

Սազիկ առա, աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը,

Ծիվ, Ծիվ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ։

Рубрика: Մեդիադարան

Ուլիկը

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։ Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց, ներս գամ ես,

Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ։

Ուլիկը իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց , ներս գամ ես,

Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում․

-Էդ ով ես դու, ես չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չեմ անի․․ Գնա․․․ Չեմ ուզում քեզ․․․․

Ու գայլը հեռանում է, գնում։

Գալիս է մայրը, դուռը ծեծում․

Սևուկ ուլիկ

Սիրուն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց, ներս գամ ես,

Անուշ- անուշ ծիծ տամ քեզ․

Սևուլ ուլիկ,

Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ ուտում ու մորը պատմում․

-Գիտես , մայրիկ , ՝ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ․․․

Ասում էր՝ դուռը բաց արա։ Էնպես հաստ ձայն ուներ։ Էնպես վախեցա, էնպես վախեցա,․․․ Դուռը բաց չարի, ասի չեմ ուզում, գնա․․․

-Պա, պա , պա, Սևուկ ջան, ինչ լավ է եղել, որ բաց չես արել,-ասաց վախեցած մայրը։ Էդ գայլն է եղել․ եկել է , որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ , որ գա , բաց չանես․ ասա գնա, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

Рубрика: Մեդիադարան

Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,

Նստեց սարի սուր կատարին։

-Լսի , պապի ասավ նրան,

Լավ օրերդ անցան , կորան,

Խիստ սոսկալի

Ցուրտ է գալի։

Ասավ, գնաց

Սարը կամաց

Մտավ սպիտակ

Վերմակի տակ։

Рубрика: Մեդիադարան

Քաղաքավարի երեխաներ

                         

Մենք  ուսումնասիրեցիք  Սեմյոն  Սոլովեյչիկի <<Քաղաքավարի երեխաներ>> հոդվածը, որտեղ առաջադրված  է հետևյալ հարցը. Ճիշտ է  երեխաներին սովորեցնել քաղաքավարություն , թե ոչ:Մենք   կարծում ենք, որ երեխան քաղաքավարություն սովորում է  առաջին   հերթին   իր ծնողներից:  Սովորում է շնորհակալ լինել այն ամենի  համար ինչ ունի, ինչ տվել են իրեն ծնողները:Եթե երեխան տեսնի, թե ինչպես է իր մայրիկը օգնում, փողոցը  դժվարությամբ անցնող տատիկին, հաջորդ օրը ինքը  ուրիշին օգնության ձեռք կմեկնի:Հոդվածում հանգամանորեն  ներկայացված է,  ինչպես կարելի է զարգացնել երեխայի  սրտի լսողությունը, քանի որ ոչ բոլոր երեխաները կարող են լինել   միաժամանակ  քաղաքավարի և  սրտացավ:Այժմ  հոդվածից ներկայացնենք հետևյալ մտքերը, որոնց հետ համամիտ ենք:

  1. Իսկական դաստիարակությունը միայն և միայն այն դեպքում է տեղի ունենում, երբ հարկ է լինում հոգեկան ուժերի գոնե մի կաթիլ ներդնել, իսկ քաղաքավարություն վարժեցնելիս , համաձայնեք, սովորաբար ոչ թե հոգի ենք ծախսում, այլ նյարդեր, դա ամենևին նույն բանը չէ: Առանց հայր կամ մայր լինելու կարելի է քաղաքավարություն վարժեցնել: Անգամ առանց երեխային սիրելու էլ կարելի է:
  2. Ոչ մի հանդիմանություն մի արեք, եթե երեխան չի շտապում նվիրել, տալ, եթե դեռևս չի կարողանում ուրախանալ  ուրիշի համար: Մեզանից միայն մի բան է պահանջվում ինքներս նվիրենք, ինքներս ուրախանանք  և  սպասենք: Տագնապախառն հույսով սպասենք, սպասենք ու սպասենք, որ կգա այն օրը, երբ երեխան իր 1-ին նվերը կանի ուրիշ մարդու, ոչ թե մորը, ոչ թե պապիկին:
  3. Սրտի լսողությունն ու  քաղաքավարությունը վերջավոր հատկություններ են: Միայն  մարդկանց հասկանալու աշխատանքն է անվերջ:
Рубрика: Մեդիադարան

Վ․ Սարոյանի Գաստոն պատմվածքի վերլուծություն

Վ. Սարոյանի <<Գաստոնը>> պատմվածքի հերոսը  (հայրիկը)   միայնակ էր ապրում:Երբ տեսել էր, որ աղջիկը զբոսանքի ժամանակ նայում է խանութի առջև դրված դեղձերին , անմիջապես գնել էր: Ամենասիրուն դեղձը տվել էր աղջկան, իսկ ճաքածը վերցրել էր իրեն:Ուտելու  ժամանակ տեսնում է դեղձի միջից դուրս եկող միջատի ` Գաստոնին, աղջկան ասում է, որ արդեն Գաստոնը տուն չունի, գնալու տեղ չունի: Գաստոնի մեջ նա տեսնում է իրեն, չէ որ ինքն էլ  միայնակ մարդ էր, գնալու տեղ չուներ:Հետաքրքիր է հեղինակը հյուսել  պատմվածքի ավարտը: Վերջին դրվագում, երբ հայրը  բերել էր աղջկա  ցանկալի դեղձը, աղջիկը հեռանում է, պատճառաբանելով , որ արդեն հարկավոր չէ իրեն, իսկ Գաստոնին արդեն ճզմել է, որովհետև  միջատներին բոլորը ճզմում են: Ինչպես  Գաստոնը  ճզմվելուց հետո ոչ մեկին պետք  չէր, այնպես էլ աղջկա հայրը: Հայրիկի կերպարը  մի պահ մեզ հիշեցնում  է Դ. Դեմիրճյանի << Ավելորդը>> պատմվածքի հերոսուհի Սրբունին: Նրա ընտանիքն էլ իրեն համարում էր անպետք, ավելորդ, պատերազմի ժամանակ թողնելով տանը: